Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա–Բաբասյանը նվաճել է Եվրոպայի գեղասահքի չեմպիոնի տիտղոսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
30.01.2016,
15:54
Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա–Բաբասյանը նվաճել է Եվրոպայի գեղասահքի չեմպիոնի տիտղոսը։ Առաջնությունն անցկացվել է Բրատիսլավայում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա–Բաբասյանը նվաճել է Եվրոպայի գեղասահքի չեմպիոնի տիտղոսը։ Առաջնությունն անցկացվել է Բրատիսլավայում։
Հայկական ծագում ունեցող գեղասահորդուհին հավաքել է 215,45 միավոր կարճ և ազատ ոճի ծրագրերի արդյունքում։
Երկրորդ տեղը զբաղեցրել է 209,99 միավոր վաստակած Ելենա Ռադիոնովան։ Երրորդը 187,05 միավոր վաստակած Աննա Պոգորիլայան է։
ՏԱՍՍ–ի հաղորդմամբ` Մեդվեդևա–Բաբասյանը լրագրողներին ասել է, որ չէր սպասում, որ կարժանանա նման բարձր միավորների Եվրոպայի առաջնության շրջանակում, որին առաջին անգամ է մասնակցում։
«Չէի սպասում։ Այնքան ուրախ եմ, որ արժանացել եմ նման բարձր միավորների մեծասահների սեզոնում», – նշել է Մեդվեդևա–Բաբասյանը։ «Մրցաշարերին մասնակցելիս առաջինը մտածում եմ մաքուր ելույթ ունենալու մասին, իսկ հետո արդեն` միավորների մասին։ Անգամ ձեռքով փակում եմ ականջներս, որպեսզի չլսեմ այլ մարզիկների վաստակած միավորներն ու չշեղվեմ», – ասել է գեղասահորդուհին։
Սա սեզոնի ընթացքում Մեդվեդևա–Բաբասյանի երրորդ խոշոր հաղթանակն է, ավելի վաղ նա հաղթել է Բարսելոնայում կազմակերպված Գրան–պրիի եզրափակչում, ինչպես նաև նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։ –0–