Սպիտակ տունը խոստանում է արձագանքել Ջասթին Բիբերին ԱՄՆ–ից արտաքսելու պահանջագրին

01.02.2014, 10:51
ԱՄՆ իշխանությունները շուտով կպատասխանեն կանադացի երաժիշտ Ջասթին Բիբերից կացության իրավունքը վերցնելու և նրան երկրից արտաքսելու պահանջագրին, հաղորդում է  ABC հեռուստաալիքը` վկայաբերելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիին։
Սպիտակ տունը խոստանում է արձագանքել Ջասթին Բիբերին ԱՄՆ–ից արտաքսելու պահանջագրին

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ իշխանությունները շուտով կպատասխանեն կանադացի երաժիշտ Ջասթին Բիբերից կացության իրավունքը վերցնելու և նրան երկրից արտաքսելու պահանջագրին, հաղորդում է  ABC հեռուստաալիքը` վկայաբերելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիին։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, պահանջագիրը տեղադրված է եղել Սպիտակ տան կայքի համապատասխան բաժնում հունվարի վերջին։ Այն հայտնվել է նույն օրը, երբ Բիբերը ձերբակալվել էր փողոցային մրցավազքերին մասնակցելու, ոչ սթափ վիճակում ղեկին լինելու և ձերբակալությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։ Ձերբակալությունից հետ նա խոստովանել էր, որ մրցավազքից առաջ օգտագործել է ալկոհոլ, մարիխուանա է ծխել, ինչպես նաև ընդունել է նշանակված դեղորայքը։ Այդ և երաժշտի մասնակցությամբ այլ աղմկահարույց պատմությունների ֆոնին պահանջագրի տակ շատ արագ 100 հազար ստորագրություն է դրվել, ինչն անհրաժեշտ էր, որ Սպիտակ տունը դիտարկեր խնդրանքը։

«Պատասխանը շուտով կլինի։ Բայց այժմ ես պատասխան չունեմ»,– ասել է Քարնին։ Նա միաժամանակ նշել է, որ «ելքի արտոնագրերին վերաբերող հարցերը պետք է ուղղել ներքին անվտանգության նախարարությանը»։

ԱՄՆ վարչակազմն իրավաբանորեն պարտավոր չէ պատասխանել պահանջագրին, բայց կայքի կանոնների համաձայն` Սպիտակ տունը ծրագրում է պատասխանել սահմանված շեմը հաղթահարած բոլոր դիմումներին։ Միաժամանակ, Բիբերի արտաքսման մասին խնդրագիրն ամենահայտնին է դարձել Սպիտակ տան կայքի We, The People («Մենք` ժողովուրդը» - այս բառերով է սկսվում ԱՄՆ սահմանադրության տեքստը) համապատասխան բաժնի գոյության ողջ ընթացքում։ Այն հավաքել է ավելի քան 225 հազար ստորագրություններ` առաջ անցնելով ԱՄՆ քաղաքականության ավելի կարևոր հարցերով պահանջագրերի թվից։

Ջասթին Բիբերը հանրաճանաչ դարձավ YouTube–ում տեղադրված հոլովակներից հետո, նա ներկայացնում էր R'n'B ոճով գրված սեփական երգերը։ Ներկա պահին երգիչը ձայնագրել է երեք ալբոմ, որոնք իրացվել են 15 միլիոն օրինակով։ Կատարողն անընդհատ սկանդալային պատմությունների «հերոս» է դառնում։ -0-