Ամանորյա հրաշքին սպասելը կարող է դեպրեսիա առաջացնել. հոգեբան

10.01.2012, 14:21
Ամանորյա հրաշքին սպասելը կարող է դեպրեսիա առաջացնել. հոգեբան
Ամանորյա հրաշքին սպասելը կարող է դեպրեսիա առաջացնել. հոգեբան

Ամանորի անիրական հրաշքի սպասելը երբեմն կարող է հետտոնական դեպրեսիայի պատճառ դառնալ, կարծում է Երևանի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:

«Կարող են հիասթափության պահեր լինել, երբ մարդ համոզված է, որ հրաշքը կախված է ոչ թե իրենից, մեկ այլ ուրիշից... Նման իրավիճակներից կարելի է խուսափել, եթե մարդ իր սեփական ուժերի վրա է հույսը դնում և փորձում է սեփական ուժերով հրաշք գործել»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Ավանեսյանը:

Հետտոնական դեպրեսիայի պատճառների թվում հոգեբանը նշեց նաև «մյուսներից ոչնչով չտարբերվելու» ցանկության հետևանք դարձած չափազանց մեծ ծախսերը:

Ինչպես նշեց փորձագետը, ամանորյա ծախսերից հետո հիասթափություն ապրած մարդիկ, հաճախ վատ տրամադրություն են ունենում այն մտքից, «թե ինչպես են ծայրը ծայրին հասցնելու մինչև հաջորդ աշխատավարձը»:
Ավանեսյանը կարծում է, որ տոներից հետո լավ տրամադրություն պահպանելու համար կարևոր դեր է խաղում աշխատանքում ակտիվություն ցուցաբերելը:

Այդ կապակցությամբ հոգեբանը խորհուրդ է տվել լրջորեն զբաղվել ամանորյա օրերին աշխատանքային ժամանակացույց կազմելով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ակտիվ գործունեությանը: Օրինակ՝ մտավոր գործունեությամբ զբաղվող մարդկանց տոնական օրերին խորհուրդ է տրվում ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և շատ քնել:

Ըստ նրա, նախորդ տարում բոլոր չիրականացած նպատակները կյանքի կոչելու ձգտումը կօգնի վերականգնել ուժերը և բարձրացնել տրամադրությունը: -0-