Լոռու մարզպետը չի հաստատել խոզերի՝ աֆրիկյան ժանտախտով վարակվելու մասին լուրերը

05.12.2011, 18:47
Լոռու մարզպետը չի հաստատել խոզերի՝ աֆրիկյան ժանտախտով վարակվելու մասին լուրերը
Լոռու մարզպետը չի հաստատել խոզերի՝ աֆրիկյան ժանտախտով վարակվելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի.  /Նովոստի-Արմենիա/. Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը երկուշաբթի ասուլիսի ընթացքում չհաստատեց Լորուտ գյուղում աֆրիկյան ժանտախտով խոզերի հիվանդացության վերաբերյալ լուրերը:
«Մեր աշխատակիցներն անասնաբույժների հետ մեկնել են Լորուտ գյուղ իրավիճակը պարզելու նպատակով, և առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չի ստացվել, այդ պատճառով չի կարելի հաստատել մարզում հիվանդության տարածման լուրերը»,- ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքով, հիվանդության հավանականությունը չի բացառվում, քանի որ Հայաստանի այլ մարզերում նմանատիպ դեպքեր արձանագրվել են:

Վերջերս հայկական ԶԼՄ-ները հայտնել են իբր աֆրիկյան ժանտախտից վարակվելու պատճառով խոզերի անկման մասին: Նախնական վարկածով, հիվանդության ախտանիշները նման են աֆրիկյան ժանտախտին, որի դեմ մի քանի ամիս առաջ նույն համայնքում կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը, հղում անելով փորձագետներին, հայտնել է, որ Լորուտ գյուղի խոզերը, հավանաբար, վարակվել են աֆրիկյան ժանտախտով:

Աֆրիկյան ժանտախտի ներթափանցման առաջին դեպքն արձանագրվել է 2007 թվականի օգոստոսի 7-ին Տավուշի և Լոռու մարզերում: Այդ ժամանակ ՀՀ գոյւղատնտեսությունը զգալի վնաս կրեց՝ մորթվել և սատկել էր շուրջ 20 հազար գլուխ խոզ կամ ողջ գլխաքանակի 10-11 տոկոսը:

2010 թվականին Հայաստանում ոչնչացվել է ավելի քան 100 գլուխ խոզ, ընդ որում՝ սատկել է 200 խոզ, մնացածը մորթվել է: 

Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ.-ին Հարավային Աֆրիկայում։ Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև՝ շները։  Հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։ --0