Հայ դիմորդների երկու երրորդը կտրվել է մաթեմատիկայի ՄՊՔ-ից

15.06.2011, 19:25
Հայ դիմորդների երկու երրորդը կտրվել է մաթեմատիկայի ՄՊՔ-ից
Հայ դիմորդների երկու երրորդը կտրվել է մաթեմատիկայի ՄՊՔ-ից

Մաթեմատիկայի միասնական պետական քննություն (ՄՊՔ) հանձնած հայ դիմորդների 67 տոկոսը չեն կարողացել հաղթահարել նվազագույն դրական անցողիկ 7,5 բալը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

Այս տարի մաթեմատիկայի ՄՊՔ է հանձնել 431 դիմորդ:

«Մաթեմատիկայի միջին գնահատականը կազմել է 6,3 բալ: 17,5-ից 20 բարձր բալերը հավաքել է դիմորդների միայն 0,5 տոկոսը, 13-ից 17,5 միջին բալերը՝ 2,1 տոկոսը, 7,5-ից 13-ը՝ 30 տոկոսը, իսկ 67 տոկոսը կտրվել է»,- ասաց մամուլի քարտուղարը:
Ըստ նրա, չափազանց ցածր արդյունքները հաշվի առնելով՝ ԳԹԿ-ում մասնագետների հատուկ խորհրդակցություն է հրավիրվել:

«Մասնագետները կրկին ուսումնասիրել են թեստերը, փորձել են ինչ-որ բան անել դիմորդների օգտին, սակայն թեստերում խոցելի պահեր չեն եղել: Մաթեմատիկոսները միաձայն որոշեցին, որ դրական գնահատականի անցողիկ շեմը հաղթահարելու համար բավական է ունենալ այդ առարկայի վերաբերյալ նվազագույն գիտելիքները»,- ընդգծեց Մանուկյանը:

Նա նաև ավելացրեց, որ  բողոքարկություններ գրեթե չեն եղել:

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հունիսի 1-ին մեկնարկած ՄՊՔ առաջին փուլում 1209 հայտ է ներկայացվել: Ընդ որում` բուհերում պահպանվել է 20 հազար 928 տեղ, որոնցից 2 հազար 428-ն անվճար են, իսկ 18,5 հազարը՝ վճարովի: Դա նշանակում է, որ ընթացիկ տարում դիմորդները հաղթահարելով նվազագույն 7,5-8 անցողիկ բալը, կկարողանան ուսանող դառնալ, ավելին, նրանցից մի քանիսը կկարողանան սովորել անվճար հիմունքով: -0-