«Բակային վաճառք» և ամանորյա եռուզեռ. կարգավորիչը նշել է խնդիրները

01.12.2020, 16:05
«Բակային վաճառք» և ամանորյա եռուզեռ. կարգավորիչը նշել է խնդիրները
«Բակային վաճառք» և ամանորյա եռուզեռ. կարգավորիչը նշել է խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայկական կարգավորիչը կոչ է անում քաղաքացիներին «ձեռքից վրայից» չգնել կենդանական ծագման մթերքներ, այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքով, կարգավորիչը հուլիսից վերահսկողություն է անցկացվում, որ մսամթերքը ստացվի միայն սպանդանոցային իրացման կետերից: 

«Կարող ենք ասել, որ Երևանի սուպերմարկետներում, մեծ ու փոքր խանութներում այդ հարցը լուծված է: Այդ մասով, սպանդանոցային ծագման միս է միայն վաճառվել»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա նրա խոսքով, այն մարզերում, որտեղ սպանդանոցների քանակը բավարար չէ, այդ մարզերի խանութներում կարող են այլ մսամթերքներ հայտնվել, և կարգավորիչն արդեն հարուցել է վարչական վարույթներ որոշ խանութների նկատմամբ, իսկ այն մարզերում, որոնք ամբողջությամբ համալրված են և բավարար են սպանդանոցները, հարցը գործնականում վերջնական լուծված է:

Նա չի բացառել խախտումների հավանականությունը և նշել՝ կարգավորիչը ժամանակ առ ժամանակ ստուգումներ է անցկացնելու մինչև հարցը վերջնական լուծում ստանա:

«Խախտումները շատ չեն, անհանգստացնող չեն, մենք 100 հազարի չափով տուգանքներ ենք կիրառում, ինչը բավարար է, որ խանութները հասկանան՝ պետք չէ նման քայլի գնալ»,- հայտնել է Ավետիսյանը:

Տվյալ պահին, նրա խոսքով, հիմնական խնդիրը բակային կամ չգրանցված վաճառքն է, որը կարգավորիչի վերահսկողությունից դուրս է:

«Դա մեր վերահսկողությունից դուրս է, և մենք իրավասություն չունենք վերահսկողություն իրականացնելու: Դրա համար միշտ կոչ ենք անում՝ փողոցում, մեքենաների թափքից վաճառվող միս չգնել»,- ընդգծել է Ավետիսյանը: 

Նա նշել է, որ ամեն տարի Նոր տարվա նախօրեին՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին խստացվում է վերահսկողությունը և հերթապահություն է սահմանվում՝ խանութներում անորակ մթերքի ներթափանցումը կանխելու համար:

«Միշտ կոչ ենք անում հասարակությանը, որ զգոն լինեն, և չնախատեսված ու կասկածելի տեղից մսեղիք չգնեԼ, որտեղ իրենց կարող են խաբել և սատկած կամ հոգևարքի վիճակում գտնվող կենդանին առողջի հետ մատուցել՝ դրանով վտանգի տակ դնելով իրենց առողջությունը»,- նշել է նա: -0-