ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել Սոչիի օդանավակայանում հայերին աշխատանքից հեռացնելու հարցով

04.08.2019, 12:25
Սոչիի օդանավակայանի` ազգությամբ հայ աշխատակիցները նշում են, որ օդանավակայանի ղեկավարությունը դրսևորում է խտրականություն հայերի նկատմամբ և արդեն 2 տարի անընդմեջ աշխատանքից հեռացնում է հայ աշխատակիցներին։
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել Սոչիի օդանավակայանում հայերին աշխատանքից հեռացնելու հարցով

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները (ավելի քան հիսուն ՌԴ քաղաքացի), նրանց թվում՝ օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ և Սոչիում ՀՀ հյուպատոս Տ. Սարգսյանը:

Այս մասին հաղորդվում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան Facebook–յան էջում։

Երկու օր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի` ազգությամբ հայ աշխատակիցները հանդես էին եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ օդանավակայանի ղեկավարությունը դրսևորում է խտրականություն հայերի նկատմամբ և արդեն երկու տարի անընդմեջ աշխատանքից հեռացնում է հայ աշխատակիցներին։

Ինչպես նշվում է դեսպանատան հայտարարության մեջ, հանդիպմանը օդանավակայանի աշխատակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դիտարկումներն ու դիրքորոշումը, որոնց շուրջ ընթացել է բազմակողմ քննարկում։ 

Հանդիպման արդյունքում որոշվել է ձևավորել նախաձեռնող խումբ և ստեղծված իրավիճակի ուսումնասիրման նպատակով դիմել ՌԴ պատկան մարմիններ և հաջորդիվ կազմակերպել հանդիպում՝ հարցի կարգավորման նպատակով։ 

«Իրավիճակի շուրջ հետագա զարգացումների վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ», – նշում են դեսպանատնից։–0–