ԱՄՆ–ում առաջարկել են 10 անգամ նվազեցնել դեպի Լուսին թռիչքների արժեքը

21.07.2015, 20:39
Ազգային տիեզերական ընկերության և Տիեզերական տարածությունների ուսումնասիրման հիմնադրամի գիտնականները պատմել են, որ Լուսնի գաղութացման արժեքը կարող է նվազել 90 տոկոսով։
ԱՄՆ–ում առաջարկել են 10 անգամ նվազեցնել դեպի Լուսին թռիչքների արժեքը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 21. /Նովոստի–Արմենիա/. Ազգային տիեզերական ընկերության և Տիեզերական տարածությունների ուսումնասիրման հիմնադրամի գիտնականները պատմել են, որ Լուսնի գաղութացման արժեքը կարող է նվազել 90 տոկոսով։

Ինչպես գրում է  Lenta.ru–ն, NASA-ի նախկին ղեկավարների, տիեզերական քաղաքականությունում աստղագետների և մասնագետների զեկույցը հրապարակել է Popular Science հրատարակությունը։

Ներկա պահին դեպի Լուսին վերադարձելի առաքելության արժեքը գնահատվում է 100 մլրդ դոլար։ Գիտնականները կարծում են, որ այդ գումարը կարելի է նվազեցնել 10 անգամ։ Նրանք առաջարկում են տիեզերական հետազոտությունների համար ակտիվորեն ընդգրկել մասնավոր ընկերություններին, օգտագործել լուսնային պաշարները, ինչպես նաև զարգացնել մի քանի անգամ թռչող հրթիռների և տիեզերանավերի տեխնոլոգիաները։

NASA-ի ծախսերը կարելի է նվազեցնել միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքի հետ։ Որպես հիմնական գործընկեր նշվում է Եվրոպական տիեզերական գործակալությունը, որի գլխավոր տնօրենը չի բացառել լուսնային քաղաք կառուցելու հնարավորությունը։ Աերոտիեզերական ընկերությունների ներգրավումը, ինչպիսիք են Boeing–ը և SpaceX–ը, թույլ կտա ավելի շատ նվազեցնել ծախսերը։

Գիտնականների հետազոտության համաձայն, Երկրից Լուսին ուղարկվող բեռների զանգվածը վերադարձելի առաքելության շրջանակում կարելի է նվազեցնել Երկրի արբանյակում ջրածնի արդյունահանման հաշվին, որն օգտագործվում է որպես վառելիք հրթիռների շարժիչների համար։ Միաժամանակ, այլևս կարիք չի լինի Երկրից վառելիք տեղափոխել, բայց անհրաժեշտություն կծագի լուսնային ենթակառուցվածք ստեղծել վառելիքի արդյունահանման, ինչպես նաև օգտակար հանածոների համար։

Գիտնականներն առաջարկում են ջրածին ստանալ սառույցից, որի պաշարները նկատվել են Լուսնի գոտիներում։ Դրա արդյունահանումը, գիտնականների կարծիքով, կարող է թեթևացնել ապագա առաքելությունները դեպի հեռավոր տիեզերք, մասնավորապես` Մարս։ Այդ նպատակով Լուսնի ուղեծրում առաջարկվում է տեղակայել համալիր, որտեղ կարտադրվի Կարմիր մոլորակ ուղևորվող հրթիռների լիցքավորման կայան։

ԱՄՆ–ում կայացել է մի քանի անգամ թռիչք կատարող Orion տիեզերանավի փորձնական գործարկումը։ Լուսնի վրա ջրի առկայությունը ստույգ որոշելու համար գիտնականները խորհուրդ են տալիս ռոբոտ ուղարկել, որը հորատում կկատարի և կհետազոտի լուսնային ռեգոլիտի նմուշները։ Փորձագետների գնահատականով` լուսնային կայանի սպասարկման համար պետք է չորս տիեզերագնաց, ովքեր 12 տարում կարող են ապահովել 200 մեգատոննա հրթիռային վառելիքի  հանույթ` 40 մլրդ դոլար ընդհանուր գումարով։

Լուսնի վրա ջրածնի հաջող արտադրության դեպքում հետազոտողները խորհուրդ են տալիս դիտարկել Երկրի արբանյակում հելիում–3 ստանալու հնարավորությունը, որը կիրառվում է հեռանկարային ջերմամիջուկային էներգետիկայում։ Փորձագետները հոռետեսորեն են գնահատել NASA-ի աստերոիդային ծրագիրը, որը ենթադրում է երկնային մարմնի նմուշը ստանալու մանևր և դրա տեղափոխում մերձլուսնային ուղեծիր։ Մասնագետների կարծիքով` այդ միջոցառումը ուղիղ կապ չունի դեպի Մարս առաքելության հետ, իսկ նպատակահարմարությունը թելադրված է բացառապես ֆինանսական նկատառումներով։-0-