Մակարոնեղենը միշտ չէ, որ վնասակար է. պետք է ուշադրություն դարձնել դրա մի հատկությանը

04.01.2019, 15:49
Կանադացի գիտնականները ժխտել են այն պնդումները, որ մակարոնն ամենամեծ թշնամին է ավելորդ քաշի դեմ պայքարում:
Մակարոնեղենը միշտ չէ, որ վնասակար է. պետք է ուշադրություն դարձնել դրա մի հատկությանը
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Կանադացի գիտնականները ժխտել են այն պնդումները, որ մակարոնն ամենամեծ թշնամին է ավելորդ քաշի դեմ պայքարում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, ըստ բրիտանական բժշկական BMJ Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների, մակարոնեղենի օգտագործման վրա հիմնված սննդակարգը կարող է անգամ նպաստել քաշի կորստին:

Տորոնտոյի բժիշկները բացահայտել են, որ ամեն ինչ կախված է մակարոնեղենի գլիկեմիկ ցուցիչից (արյան շաքարի մակարդակի վրա սննդի ազդեցության ցուցանիշը): Օրինակ, սպիտակ բրնձի, հացի ու կարտոֆիլի գլիկեմիկ ցուցիչը բավականին բարձր է: Դրանք շատ կալորիական են, արագ են մարսվում և կլանվում են օրգանիզմի կողմից: Ոսպի ու կանաչ բանջարեղենի նույն ցուցիչը, հակառակը, չափազանց ցածր է:

Գիտնականները հետազոտության արդյունքները բացատրում են նրանով, որ ցածր գլիկեմիկ ցուցիչ ունեցող մթերքն ավելի լավ է բավարարում քաղցն ու ավելի արագ է հագեցնում: Մասնագետները նշում են, որ չնայած մակարոնեղենի լայն բազմազանությանը, նրանց գլիկեմիկ ցուցիչն ավելի ցածր է, քան օսլա պարունակող մթերքներինը (օրինակ հացը):-0-