Հնագետները բացել են Քրիստոսի գերեզմանը Երուսաղեմում

27.10.2016, 18:36
Հնագետները Տիրոջ Գերեզմանում Քրիստոսի թաղման մահճի վրայից հանել են մարմարյա սալաքարը:
Հնագետները բացել են Քրիստոսի գերեզմանը Երուսաղեմում
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հնագետները Տիրոջ Գերեզմանում Քրիստոսի թաղման մահճի վրայից հանել են մարմարյա սալաքարը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru –ն` հղում անելով International Business Times պարբերականին, հետազոտողները մարմարյա սալաքարի տակ հայտնաբերել են մեծ քանակությամբ քարեր: Մարմարյա սալաքարը տեղադրվել է 1555 թ.-ին: Ազգային աշխարհագրական հասարակության անդամ հնագետ Ֆրեդերիկ Հիբերտի (Fredrik Hiebert) խոսքով, դեռևս շատ գիտական աշխատանքներ են սպասվում, սակայն վերջին հաշվով գիտնականները կկարողանան տեսնել, թե ինչպիսին է եղել այն մահճի մակերևույթը, որի վրա, ըստ ավանդույթի, հանգչել էր Քրիստոսի մարմինը:

Տիրոջ Գերեզմանը գտնվում է դեղնավարդագույն մարմարե գմբեթարդ մատուռում` էդիկուլայում (Կուվուկլիա)։ Գոյություն ունեցող Կուվուկլիան վերականգնվել է 1809-1810 թվականներին հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով։ Այժմ այստեղ վերականգնողական աշխատանքներ են ընթանում Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի հուշարձանների և շինանյութերի պահպանման մասնագետ Անտոնիո Մարոպոլոյի գլխավորությամբ։

Գիտնականների խոսքով, գերեզմանի բացումը թույլ կտա հնագետներին պարզել, թե ինչու է սուրբ Հեղինեն, ով պեղումներ է անցկացրել Երուսաղեմում, որոշել, որ այդ գերեզմանը Քրիստոսի հուղարկավորման վայրն է։

Սուրբ Հեղինեն (Ֆլավիա Հուլիա Ելենա Ավգուստա) Կոնստանդիանոս Ա–ի դուստրն է, ով Հռոմեական կայսրության կայսր է եղել մեր թվարկության 306-337 թվականներին։ Համարվում է, որ իր ուխտագնացության ժամանակ նա հայտնաբերել է Տիրոջ Գերեզմանը, Կենարար Խաչը և քրիստոնեական այլ մասունքներ։ -0-