ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ է ճանաչվել Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը, հայտնում է Երևանում ռուսակն գիտության և մշակույթի կենտրոնի մամուլի ծառայությունը։
Լավագույն ուսուցչի կոչումը նրան շնորհվել է ուսուցիչների համար նախատեսված «Պրոֆի–Կրայ» միջազգային օլիմպիադայի արդյունքներով։ Այս օլիմիպիադային 2015 թվականին մասնակցել է Ռուսաստանի 78 մարզերի, մերձավոր և հեռավոր արտասահմանի գրեթե 7000 ուսուցիչ։ Մասնակիցների աննախադեպ թիվը և օլիմպիադայի կարգավիճակն այն բացառիկ են դարձրել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կրթական տարածքում։
Մաթեմատիկայի, անգլերենի, ինֆորմատիկայի և քիմիայի օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել է 22 ուսուցիչ Հայաստանից։
Հայաստանի մասնակիցները նշել են, որ «Պրոֆի–կրայ» օլիմպիադան ոչ միայն մասնագիտական ձեռնահասության բարձրացման նորարարական միջոց է, այլ նաև մանկավարժի մասնագիտական ինքնակատարելագործման հզոր ազդակ։
Օլիմպիադայի կազմակերպիչն էր` «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Պերմի կամպուսը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում