ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ոստիկանությանը չինական Ցինդաո քաղաքում ձերբակալել 25 հետախուզվող քաղաքացիների, ովքեր ժամանել էին Qingdao Beer Festival գարեջրի փառատոնի։
Ինչպես նշում է The Daily Mail–ը, ձերբակալվածներից մեկը թաքնվում էր ավելի քան տասը տարի, գրում է telecom.arka.am–ը` հղում անելով vesti.ru–ին։
Միջոցառման չորս մուտքերի մոտ տեղադրվել են 18 տեսախցիկներ, որոնք մոտ մեկ վայրկյան նույնականացնում էին կասկածյալներից յուրաքանչյուրին։ Բացի այդ, յուրաքանչյուր մուտքի մոտ հերթապահում էին վեց ոստիկաններ, ովքեր ստուգում էին սարքի արձագանքի կեղծ/ճիշտ լինելը։
Ցինդաոյի իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, կենսաչափական համակարգի ճշգրտության գործակիցը կազմում է 98.1 տոկոս։ Եթե խցիկը «ճանաչի» տվյալների բազայում գտնվող դեմքը, այն ազդանշան է ուղարկում ոստիկանին։ Բացի ձերբակալություններից, համակարգը թույլ չէր տալիս փառատոնի մասնակցել նախկինում, օրինակ, թմրանյութերի օգտագործման համար դատվածություն ունեցած մարդկանց։
Загружается новость ... "Лево"
Մարդկանց դեմքերով նույնականացման համակարգերը Չինաստանում մեծ տարածում են գտնում։ Երկրի չորս քաղաքների խաչմերուկներում տեղադրված են տեսախցիկներ, որոնք զանազանում են երթևեկության կանոնները խախտող հետիոտններին, իսկ Պեկինի հասարակական այգում դրանք օգնում են պայքարել զուգարանի թղթի գողերի դեմ։
Կենսաչափական սկաներներով են զինվում նաև Մակաո կղզու բանկոմատները։ Իսկ KFC արագ սննդի ցանցն այս շաբաթ Խանչժոու քաղաքում գործարկել է փորձնական նախագիծ, որը թույլ է տալիս վճարել պատվերի համար` պարզապես ժպտալով։ -0-