Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հասնելու համար. Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանը տրամադրել է և պատրաստ է շարունակել ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հասնելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք առաջարկել ենք, և այd առաջարկը՝ խաղաղության պայմանագիր կնքելու ռուսական հարթակը, ուժի մեջ է մնում։ Հիմա մենք տեսնում ենք, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը այս հարցերի քննարկման երկկողմ ձևաչափի վերաբերյալ դիրքորոշում ունեն։ Մենք հարգում ենք դա, բայց բազմիցս պաշտոնապես և հրապարակայնորեն հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ձևաչափերով և հարցերով, որոնք բարձրացվել են երկու կողմերից», - ասել է Կոպիրկինը Euromedia24-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Ռուսաստանը ձեռնարկել է, ձեռնարկում է և պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը ապահովելու և հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար։ Եվ այս առումով արդեն շատ բան է արվել։
Նա որպես օրինակ բերել է 2020-2022 թթ.-ին տարածաշրջանում իրավիճակի կարգավորման առանցքային ասպեկտների վերաբերյալ ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունները։
«Ռուսաստանը եղել և մնում է հավատարիմ խաղաղության գործընթացին, կարգավորման գործին», - ասել է Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան շարունակում է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կենսական շահերից է բխում տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը և հաղորդակցությունների բացումը, որպեսզի տարածաշրջանը լինի կայուն, խաղաղ և ունենա հուսալի ապագա։
«Ռուսաստանը ամեն կերպ կնպաստի դրան», - ասել է Կոպիրկինը։