Հայ-կիպրական հռչակագրում Ղարաբաղի մասին ձևակերպումները կարող են հեռուն գնացող հետևանքներ ունենալ. փորձագետ

18.01.2011, 14:40
Հայ-կիպրական հռչակագրում Ղարաբաղի մասին ձևակերպումները կարող են հեռուն գնացող հետևանքներ ունենալ. փորձագետ
Հայ-կիպրական հռչակագրում Ղարաբաղի մասին ձևակերպումները կարող են հեռուն գնացող հետևանքներ ունենալ. փորձագետ

Նախօրեին ընդունված հայ-կիպրական հռչակագրում ներկայացված Ղարաբաղի մասին ձևակերպումները կարող են հեռուն գնացող հետևանքներ ունենալ, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Փաստաթուղթը նախօրեին ստորագրել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը ՀՀ նախագահի՝ Կիպրոս կատարած այցելության շրջանակներում:
«Ես նկատի ունեմ հռչակագրի այն մասը, որտեղ խոսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին», - երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ երկկողմ փաստաթղթում հստակ խոսվում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին՝ որպես հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունք: «Հռչակագրում գոյություն ունի նուրբ ձևակերպում այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ազատ կամարտահայտությունը պետք է պարտադիր ուժ ունենա: Սա շատ կարևոր ձևակերպում է: Կարծում եմ, որ առաջիկայում մեր դիվանագիտությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ և փորձի նմանատիպ դրույթներ մտցնել այլ երկրների հետ ստորագրվող նմանատիպ փաստաթղթերում», - ասաց Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Կիպրոսը, ունենալով խնդիր, որը փորձում է լուծել տարածքային ամբողջականության շրջանակներում, ընդունում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ավելի կարևոր նշանակություն ունի ազգերի ինքնորոշման իրավունքը:

«Այս ամենը հաստատում է այն մոտեցումը, ըստ որի՝ ամեն հակամարտություն ունի կարգավորման իր տրամաբանությունը, որը հիմնված է այդ հակամարտության պատմության և գոյություն ունեցող իրողությունների վրա», - ասաց Սաֆրաստյանը:

Նա կարևորեց հռչակագրի ստորագրումը՝ նշելով, որ այն, ըստ էության, վկայում է ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակի վրա գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունների մասին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-