Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները

10.03.2026, 21:14
Փարիզում տեղի է ունեցել Փաշինյան–Մակրոն հանդիպումը
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։ 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։ 

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։ 

Երկուստեք ընդգծվել է տարբեր ուղղություններով գործընկերության խորացման և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ առաջմղման կարևորությունը։