Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են օրակարգային հարցեր, հանդիպումից հետո նրանք միասին կհետևեն երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:
«Միասին այսօր կհետևենք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը», – նշել է Փաշինյանը Facebook–յան իր էջում՝ հրապարակելով տեսանյութ։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին այսօր Երևանում կայանալիք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու հրավերն ընդունելու համար: Երկու երկրների վարչապետները համոզմունք են հայտնել, որ մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում և նշել, որ նման խաղերը նպաստում են հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա կապերի հետագա ամրապնդմանը:
Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերի: Վարչապետ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։