Փաշինյանը պատասխանել է Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին Մեդվեդևի հայտարարությանը

08.10.2026, 14:27
Փաշինյանը պատասխանել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին արված հայտարարությանը
Փաշինյանը պատասխանել է Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին Մեդվեդևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին արված հայտարարությանը։

«Ի՞նչ է նշանակում Հայաստանը կկանգնի նման վտանգի առջև: Հայաստանն արդեն եղել է նման վտանգի առջև և եղել է նման նման իրավիճակում», - նշել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ (2021–2022 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սահմանին ձեռնարկված ագրեսիվ գործողությունների ժամանակ - խմբ.):

«Ի՞նչ է նշանակում այդ արտահայտությունը: Պարոն Մեդվեդևն ինչի՞ համար է անում, մանավանդ՝ ես իր հետ աշխատելու, շփվելու առիթ ունեցել եմ, այսինքն՝ մենք իրար հետ երկար աշխատել ենք: Բայց հիմա այդպիսի կսմիթները, այդ սպառնալիքներն ինչի՞ համար են: Հիմա ես էլ, ասենք, բռնեմ ասեմ՝ այդ նույն տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել. «Ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի»՝ նկատի ունենալով այն, որ, ենթադրենք, Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում», - ասել է վարչապետը։

Նրա խոսքով` դա լավ ժանր չէ։

«Հայաստանը Հայաստան է, և Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու: Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ Հայաստանի Հանրապետության, ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության: Սա է մեր ճանապարհը», - նշել է Փաշինյանը։