Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի առջև, հաղորդվում է Եվրախորհրդարանի կայքում:
«Փաշինյանի ելույթը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք, ինչպես սպասվում է, կորոշեն ԵՄ-ի հետ երկրի արագ փոփոխվող հարաբերությունների և հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի զարգացման հետագա ուղին: Հայաստանի կառավարությունը հանձնառու է Բաքվի հետ հարատև խաղաղության հասնելուն և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանը և ԵՄ-ին հնարավոր ապագա անդամակցությանը»,- ասված է կայքում:
Նշվում է, որ ներկայումս Եվրոպական միությունը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է վարում, իսկ մայիսի 5-ին նախատեսված է ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը:
Սա կլինի Փաշինյանի երկրորդ ելույթը Եվրոպական խորհրդարանում՝ 2023 թվականին կատարած նախորդ այցից հետո:

