Իրանում TRIPP-ի շուրջ աժիոտաժն ամենևին չի համապատասխանում իրականությանը. Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ Հայաստանի կողմից ցուցաբերվող թափանցիկությամբ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Իրան այցի ընթացքում TRIPP-ի շուրջ քննարկումներին և իրանական կողմի ընկալումների մասին հարցին։
Նա նշել է, որ TRIPP-ի շուրջ աժիոտաժը, որը, ըստ նախարարի, երբեմն միտումնավոր ներկայացվում է, ամենևին չի համապատասխանում իրականությանը։
«Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև տնտեսական հնարավորություններով, որ էդ նույն ենթակառուցվածքների ապածրջափակումը և վերագործարկումը ընձեռնելու է հենց Իրանին», - ասել է Միրզոյանը ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Նրա խոսքով՝ Իրանի գործընկերների հետ TRIPP-ի շուրջ «շատ լավ քննարկումներ» են անցկացվել, հնչել են հարցեր, որոնց տրվել են պատասխաններ։
«Մեր աշխատանքներն սրա շուրջ շարունակական են։ Կարող եմ հստակ ասել՝ երկու կողմի համար էլ բավարարվածության զգացում է»,– նշել է Միրզոյանը։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխոչընդոտ մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ սեփական տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:
Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են շրջանակային համաձայնագիր TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին: Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը, որում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է 74%, իսկ Հայաստանինը՝ 26%:
TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն մեկնարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին:

