Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները փոխադարձ այցելություններ են կատարել Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասեր

11.09.2025, 16:43
Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները փոխադարձ այցելություններ են կատարել երկու երկրների մերձսահմանային տարածքներ
Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները փոխադարձ այցելություններ են կատարել Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասեր

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները փոխադարձ այցելություններ են կատարել երկու երկրների մերձսահմանային տարածքներ՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում: Այդ մասին «Լուրերին» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հիշեցնենք՝ 2025 թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք:  

2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել էին սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով:

Պատվիրակությունների ղեկավարները մտքեր էին փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ: