Հայկական խորհրդարանի խոսնակը կմեկնի Ղարաբաղ՝ մասնակցելու մայիսի 9-ի տոնակատարությանը

07.05.2010, 14:44
Հայկական խորհրդարանի խոսնակը կմեկնի Ղարաբաղ՝ մասնակցելու  մայիսի 9-ի տոնակատարությանը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտոնական պատվիրակությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, մայիսի 8-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մասնակցելու  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65- ամյակին և Շուշիի ազատագրման օրվան նվիրված  հանդիսություններին:

Ինչպես տեղեկացնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, մայիսի 8-ի երեկոյան պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Մայիսի 9-ին պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ կդնեն Ստեփանակերտում և Շուշիում, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում  կմասնակցեն սուրբ պատարագի արարողությանը:

Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, նախարարներ և այլ պաշտոնատար անձինք։

Մայիսի 9-ի երեկոյան հայկական պատվիրակությունը կվերադառնա Երևան։ -0-