Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տվյալ փուլում Հայաստանն ավելի շահեկան դիրքում է, ուրբաթ լրագրողներին ասաց «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպման արդյունքները։
«Այժմ հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլ է սկսվում, և ակնհայտ է , որ նոր փուլում Հայաստանի դիրքը քիչ ավելի լավ է, քան առաջ»,- ասաց նա։
Վաշինգտոնյան հանդիպումից հետո Հայաստանի նախագահը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ «Թուրքիան չի կարող շարունակել Հայաստանի և հայ ժողովրդի հետ երկխոսությունը նախապայմանների լեզվով»:
Փորձագետի կարծիքով, առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի քաղաքականությունն ավելի ադեկվատ գտնվեց միջազգային գլոբալ քաղաքական փոփոխությունների հանդեպ։ Երկրորդ հերթին, ըստ փորձագետի դա կապված է այն բանի հետ, որ Թուրքիան մի քանի վրիպումներ է թույլ տվել, մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանականորեն բաժանելով երկու փուլի՝ արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի հայտնի որոշման ընդունումից առաջ և հետո, փորձագետը նշեց, որ այժմ նոր փուլ է սկսվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, որտեղ նախաձեռնությունը մեծ մասամբ անցել է Հայաստանի կողմը, և ակնհայտ է, որ այն ավելի շահավետ դիրքերում է։
ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել, սակայն միաժամանակ փաստել է, որ արձանագրությունների գերակա դրույթն է համարվում հայ-թուրքական սահմանի բացումը, և մյուս բոլոր պարտավորություններն իրավական ուժ են ստանում միայն սահմանի բացման առկայության դեպքում:
«Այսօր Թուրքիան բազմաթիվ խնդիրներ ունեցող պետություն է։ Դա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք, սակայն մեր խնդիրներն այդ ծավալի չեն, և դրանք վերաբերում են ներքին խնդիրներին և ղարաբաղյան հակամարտությանը»,- նշեց նա։
Դրա հետ մեկտեղ փորձագետը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում սկսվող նոր փուլը, զգալի չափով մոբիլիզացրեց ողջ հայ հասարակությանը։ Ըստ Հարությունյանի, աննշան մտերմացան Հայաստանի և սփյուռքի դիրքորոշումները։
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-