Հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները Հայաստանի վրա գործադրվող ճնշման մի մասն են. փորձագետ

29.03.2010, 19:05
Հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները Հայաստանի վրա գործադրվող ճնշման մի մասն են. փորձագետ

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի՝ վերջին ժամանակներում հաճախակի դարձած խախտումները Հայաստանի վրա գործադրվող ճնշման մի մասն են, կարծում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

«Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացում Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշման նպատակաուղղված քաղաքականություն է իրականացնում»,- նշեց նա։

Փորձագետի խոսքերով, բանակցային գործընթացին զուգահեռ, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ այդ նպատակով օգտագործելով ինչպես երկրի բարձրագույն ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, այնպես էլ հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակիացումը։

Սաֆրաստյանն ընդգծեց նաև, որ Հայաստանն ամեն դեպքում պետք է պատրաստ լինի պատերազմի, նույնիսկ եթե հրադադարի ռեժիմի՝ հաճախակի դարձած խախտումները պատերազմի հնարավոր վերսկսման ցուցանիշ չեն։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երկուշաբթի հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայողները մարտի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում ավելի քան 100 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-