ՀՀ գիտության և կրթության նախարարությունը կարևորում է հայ-իտալական համագործակցությունը կրթության ոլորտում

07.12.2009, 18:46
ՀՀ գիտության և կրթության նախարարությունը կարևորում է հայ-իտալական համագործակցությունը կրթության ոլորտում

ՀՀ գիտության և կրթության նախարարությունը կարևորում է հայ-իտալական համագործակցությունը կրթության ոլորտում, հայտարարեց կրթության նախարար Արմեն Աշոտյանը Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի հետ հանդիպման ժամանակ:  

Ինչպես տեղեկացվում է ՀՀ Կրթության նախարարության պաշտոնական կայքում, կողմերը հայ-իտալական համագործակցության ընդլայնման շրջանակում նախանշեցին հաջորդ տարվա ծրագրերը:

«ՀՀ կառավարությանը հաջողվել է տնտեսական ճգնաժամի պայմաններում պահպանել կրթական հիմնական ծրագրերի ֆինանսավորումը և մենք հուսով ենք, որ մեր գործընկերների աջակցությամբ կկարողանանք նաև իրականացնել այլ ծրագրեր»,- ասաց նախարարը:

Նա նաև հույս հայտնեց, որ հաջորդ տարի երկու երկրների միջև համագործակցությունն ավելի ընդգծված կրթական եզրեր կունենա:

Իր հերթին դեսպանն ընդգծեց հայ-իտալական համագործակցության յուրահատկությունը:

«Մենք ունենք պատմական և մշակութային նմանություններ, որոնք միավորում են մեզ և հնարավորություն տալիս համագործակցությունն ընդլայնել ոչ միայն կրթության և մշակույթի, այլև տնտեսության ոլորտներում»,- ասաց Սկապինին:

Նախարարը և դեսպանը քննարկեցին Երևանի և Գյումրու մեկական հանրակրթական դպրոցում որպես երրորդ օտար լեզու իտալերենի ուսուցման փորձնական ծրագիր իրականացնելու հետ կապված խնդիրները:

Աշոտյանը ներկայացրեց նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում տեխնիկական աջակցության, մշակութային բուհերի դասախոսների և ուսանողների փոխանակման, վարպետաց դասերի կազմակերպման, Իտալիայում գտնվող հայկական կրթամշակութային ժառանգության քարոզման ու հանրային իրազեկման համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկներ:

Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջարկությունների հիման վրա մշակել ծրագրեր` հետագայում քննարկելու նպատակով:-0-