Բաքվից փախստականները Երևանում հարգանքի տուրք են մատուցել 19 տարի առաջ Ադրբեջանում իրագործված հայկական ջարդերի զոհերի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Բաքվից փախստականները երկուշաբթի Երևանում հարգանքի տուրք են մատուցել 19 տարի առաջ Ադրբեջանում իրագործված հայկական ջարդերի զոհերի հիշատակին։ Ողբերգության զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ դնելու սգո արարողությունը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում։
«Միջոցառման հիմնական նպատակը ևս մեկ անգամ հիշելն է մեր հայրենակիցներին, որոնք զոհվեցին կամ տանջանքների ենթարկվեցին 1990 թ.-ին»,- լրագրողներին ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Նրա խոսքերով, միջոցառումը միաժամանակ վկայում է այն մասին, որ ամբողջ աշխարհով սփռված գաղթականները փորձում են միավորվել։
Մելիքյանն ասաց, որ Ադրբեջանից գաղթածները շարունակում են հայտարարել իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության մասին, սակայն երկար տարիներ այդ հարցը անտեսվում է։
Իր հերթին «Փախստականներն ու միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար։
«Մենք հավաքվել ենք այստեղ աշխարհին ասելու, որ ոչ ոք և ոչինչ չի մոռացվել»,- նշեց նա։
Միջոցառման կազմակերպիչը «Փախստականներն ու միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցն է՝ Երևանի «Արաբկիր» համայնքի ղեկավարության աջակցությամբ։
1990 թ.-ի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդեր ու սպանություններ։ Ջարդերը շարունակվեցին մեկ շաբաթ։ Խորհրդային զորքերը անկարգությունները ճնշելու համար Բաքու մտան միայն հունվարի 20-ին։ --0--