Հայաստանը Բեռլինում մասնակցում է միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է «Բեռլինի կանաչ շաբաթը» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, որը Գերմանիայի մայրաքաղաքում անցկացվում է հունվարի 15-26-ը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հայաստանի Հանրապետության տաղավարը ձևավորվել է 88 քմ տարածքի վրա: Ցուցադրանքը Հայաստանում արտադրվող պարենային ապրանքներն են (կոնյակ, գինի, բանջարեղենային և մրգային պահածոներ, մեղր, թարմ և չոր մրգեր, հյութեր):
Այս անգամ Բեռլինում Հայաստանը ներկայացնում են Ավշարի գինու գործարանը, Երևանի կոնյակի գործարանը, Պռոշյանի կոնյակի գործարանը, «Արկոլադ», «Մուլտի Ագրո», «Նոյան հյութեր», «Քիմլեյ» և այլ ընկերությունները:
Ցուցահանդեսի բացման օրը հայկական տաղավար են այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության և սպառողների պաշտպանության նախարար Իլգե Այգները, Նիդեռլանդների Թագավորության գյուղատնտեսության, բնապահպանության և սննդամթերքի որակի նախարար Գերդա Ֆերբուրգը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը և բարձրաստիճան այլ հյուրեր:
74-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 1600 ցուցադրանմուշներ աշխարհի 60 երկրներից, որոնք ներկայացնում են արտադրանքի և ծառայությունների լայն բազմազանություն գյուղարդյունաբերության ոլորտում։ --0--