Էջմիածնում տասը բնակիչ հոսպիտալացվել է աղիքային սուր ինֆեկցիայով

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում հայտնաբերվել է աղիքային սուր ինֆեկցիա, որի տարածման հնարավոր պատճառը խմելու ջրի և կոյուղու խողովակներում տեղի ունեցած մեծ վթարն է, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության համաճարակաբանության, ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Ղուկասյանը։
«Ղարիբջանյան փողոցի մերձակայքում տեղի ունցած վթարի պատճառով, ինչի հետևանքով կոյուղու ջրերը խառնվել են խմելու ջրի հետ, հունվարի 9-ի դրությամբ ինֆեկցիոն բաժանմունքներ տեղափոխվել են տասը բնակիչներ վարակի օջախին մոտ գտնվող շրջանից, հիվանդներից երկուսը նույն ընտանիքի անդամներ են»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Ղուկասյանը նշեց, որ այսօրվա տվյալներով, հինգ հիվանդներ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ չորսը շարունակում են բուժօգնություն ստանալ։
Միաժամանակ նա ավելացրեց, որ քաղաքի ինֆեկցիոն բաժիններում բուժում են անցնում նաև այլ հիվանդներ, ովքեր առնչություն չունեն տվյալ վթարի հետ։
Գլխավոր մասնագետի խոսքերով, վարակի տարածման կանխարգելման նպատակով Ղարիբջանյան և հարակից փողոցներում պոլիկլինիկաների աշխատակիցներն անցկացրեցին բակային շրջայցեր։
«Աղիքային վարակի թույլ ախտանշաններով անձանց բուժօգնություն ցույց տրվեց տեղերում, իսկ հոսպիտալացված քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցած անձինք ենթարկվեցին մանրէակենսաբանական հետազոտման, ինչի արդունքում նոր հիվանդներ չհայտնաբերվեցին»,- ընդգծեց նա։
Ղուկասյանն ասաց նաև, որ բոլոր օջախներում իրականացվեցին պրոֆիլակտիկ աշխատանքներ, վարակի հայտնաբերման պահից և առայսօր վերահսկողություն է իրականացվում խմելու ջրի նկատմամբ։
«Չնայած, որ վթարը վերացվեց «Հայջրմուղ» ընկերության աշխատակիցների օպերատիվ աշխատանքի շնորհիվ, ներկայում մենք լայնածավալ բացատրական աշխատանքներ ենք իրականացնում կենցաղային շփման միջոցով վարակի հնարավոր տարածունը կանխելու ուղղությամբ»,- պարզաբանեց նա։
Ղուկասյանը նշեց, որ հակահամաճարակային տեսչության աշխատակիցները տեղում մշտական կապի մեջ են համապատասխան կառույցների հետ։ Միաժամանակ նա չբացառեց մոտ ապագայում Էջմիածին անձամբ այցելելու հնարավորությունը ։ -0-