ՀՀ քրեակատարողական վարչությունը հերքում է Երևանի անկարգությունների գործով մեղադրյալներից մեկին ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը

09.01.2009, 18:05
ՀՀ քրեակատարողական վարչությունը հերքում է Երևանի անկարգությունների գործով մեղադրյալներից մեկին ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալ Վարդգես Գասպարին բռնության չի ենթարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։

«Ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը նախօրեին հրապարակել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, ով ավելի վաղ ասել էր, թե «յոթի գործով» մեղադրյալներ Հակոբ Հակոբյանին և Մյասնիկ Մալխասյանին չի ցուցաբերվում բուժօգնություն։ Սակայն հետագայում նրանք իրենք հերքեցին այդ տեղեկատվությունը, և, կարծում եմ, որ շուտով Վարդգես Գասպարին ինքը կհերքի Զուրաբյանի տարածած տեղեկատվությունը»,- ընդգծեց Բաբայանը։

Վարդգես Գասպարին մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով (բռնություն կիրառելն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) և դատապարտվել մեկ տարի ազատազրկման 2008թ. նոյեմբերի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի կողմից։ Հետագայում՝ 2008թ. դեկտեմբերի 12-ին, Գասպարին դատարանի որոշման բողոքարկման դիմում է ներկայացրել։

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով: --0—