Հայկական ընդդիմության ներկայացուցիչները Բունդեստագի անդամների և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը ընդունել է Գերմանիայի Բունդեստագի անդամ Միքայել Լինկին և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչ Վոլֆգանգ Ջոնին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայ Ազգային Կոնգրեսից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, քաղբանտարկյալների խնդիրներին, եվրոպական կառույցների և Հայաստանի հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև Հայ Ազգային Կոնգրեսում ներգրավված կուսակցությունների և Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության միջև համագործակցության հեռանկարներին։
Հանդիպմանը նաև ներկա էին Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանն ու Վլադիմիր Կարապետյանը։
Հայկական ընդդիմությունը «քաղբանտարկյալներ» է համարում այն անձանց, որոնք կալանավորվել են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության կողմնակիցների և իրավապահ մարմինների միջև Երևանում մարտի 1-ին տեղի ունեցած բախումներից հետո։
Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծվել է օգոստոսի 1-ին Տեր-Պետրոսյանին աջակցող 16 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։
ՀԱԿ-ի կազմում են, մասնավորապես, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ազատական կուսակցությունը, նախկին իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը, «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։-0-