ՀՀ խորհրդարանն ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքը

Ազգային ժողովը հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքը։
Ինչպես խորհրդարանի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, օրինագիծը սահմանում է Հայաuտանի Հանրապետության պաշտպանության հիմքերը, կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կառուցվածքը, կազմակերպման ու գործունեության սկզբունքները, գործառույթները, դրանց ղեկավարման, կառավարման, տեղակայման և օգտագործման հետ կապված հարաբերությունները, այլ զորքերի խնդիրները, ինչպես նաև պաշտպանության բնագավառում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, կազմակերպությունների գործառույթները, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների իրավունքները և պարտականությունները։
Օհանյանի խոսքերով, օրենքը նախատեսում է, որ Հայաստանի բոլոր բնակիչները, սկսած նախագահից մինչև շարքային քաղաքացի, պարտականություններ ունեն պաշտպանության ոլորտում։
Հայաստանի պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ օրինագիծը հաստատում է ՀՀ նախագահի իրավասությունների ցանկը պաշտպանության ոլորտում։
Օրինագծի համաձայն, Հայաստանի նախագահը, մասնավորապես, կարգավորում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության ոլորտում, հաստատում է երկրի ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ ազգային անվտանգության ռազմավարությունը և զինվորական դոկտրինան, հաստատում է ՀՀ Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի կառուցվածքը։
Զինված ուժերի գործառույթների թվում Օհանյանը, մասնավորապես, նշեց ազգային անվտանգության հիմնարար արժեքների պաշտպանությունը, Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման զգուշացումը, լարվածության օջախների չեզոքացումը, մասնակցությունը միջազգային մարդասիրական, փրկարար և խաղաղապահ առաքելություններում՝ միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին համապատասխան։
Հայաստանի պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ օրենքի նախագիծը սահմանում է Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի հիմնական լիազորությունները, պարունակում է նորմեր շտաբի իրավական կարգավիճակի մասին։ «Օրինագիծը կարգավորում է ԶՈՒ չեզոքության պահպանումը քաղաքական հարցերում՝ դրանով իսկ լրացնելով Հայաստանի Սահմանադրության նորմերը»,- ավելացրեց Օհանյանը։
15-րդ Հոդվածի համաձայն, Զինված ուժերում և այլ զորքերում կուսակցությունների, միավորումների և արհեստակցական միությունների ստեղծումը, ինչպես նաև զորամաuերի, զինվորական կազմակերպությունների, ռազմաուuումնական հաuտատությունների տարածքում կուuակցական քարոզչությունն արգելվում է:
Ինչպես լրագրողներին ասաց Օհանյանը, նոր օրենքի ընդունմամբ ստեղծվում է միջոցների համալիր, որը կհստակեցնի Հայաստանի անվտանգության հիմքերը, ԶՈՒ կառույցն ու գործունեությունը, պաշտպանության ոլորտում պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների և յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունները։
Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը հերքեց, որ օրենքի ընդունմամբ Հայաստանում կներդրվի պաշտպանության արևմտյան մոդելը։
«Սա մեր՝ հայկական մոդելն է։ Օրինակ, ԶՈՒ կառույցի հարցում իրականացվում է ԶՈՒ ինտեգրված ղեկավարում, առաջին հերթին գերագույն գլխավոր հրամանատարի կողմից։
Անմիջական ղեկավարություն է իրականացնում պաշտպանության նախարարը։ ՀԱՊԿ երկրների թվում արդեն կան պետություններ, որտեղ գործում է նման մոդել, օրինակ, Ղազախստանում, իսկ Ռուսաստանը ներդնում է նման մոդել», - պարզաբանեց Օհանյանը։-0-