Երևանի մարտյան անկարգությունների մասնակիցները ոստիկանների դեմ հրազեն և նռնակներ են օգտագործել. Գլխավոր դատախազություն
Երևանի մարտյան անկարգությունների մասնակիցները ոստիկանների և Ոստիկանության զորքերի զինծառայողների դեմ հրազեն ու նռնակներ են օգտագործել, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից՝ հղում անելով քննության տվյալներին։
«Մասնակիցների թվում եղել են անձինք, ովքեր օգտագործել են հրազեն և կրակել զինծառայողների ուղղությամբ, նետել մարտական նռնակներ, որի հետևանքով գրանցվել են մարդկային զոհեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշեցին, որ այդ անձանց նկարագրի վերաբերյալ նախաքննական մարմինն ունի կոնկրետ տվյալներ և նրանց հայտնաբերելու ուղղությամբ հստակ հանձնարարականներ են տրվել օպերատիվ-որոնողական մարմիններին:
«Օպերատիվ-որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են, և քննության լրիվությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ նախաքննական մարմինն առայժմ նպատակահարմար չէր գտնում հրապարակել որոշ տվյալներ: Սակայն կան անձինք, ուժեր, որոնց համար ըստ ամենայնի քրեական գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտումն առաջնային չէ և նախընտրում են զբաղվել էժանագին «սենսացիաներով»»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Նկատի ունենալով, որ որոշ ուժեր և նրանց ծառայող լրատվամիջոցներ անհարկի շահարկում են անկարգությունների ժամանակ մարտական նռնակների օգտագործման փաստը՝ հայտարարում ենք, որ անկարգությունների մասնակիցների կողմից մարտական նռնակներ, պայթուցիկ նյութեր ոստիկանների նկատմամբ 2008 թվականի մարտի 1-ին կիրառվել են, որի հետևանքով մահացել է նաև ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանը»- ընդգծվում են մամուլից ծառայությունից:
Գլխավոր դատախազությունից նշեցին, որ իրականությանը չեն համապատասխանում բոլոր այն պնդումները, թե, իբր, Հ.Թադևոսյանի մամնից հանված մետաղական բեկորները փորձաքննության չեն ենթարկվել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձաքննության եզրակացության համաձայն Հ.Թադևոսյանի դիակի և հագուստի վրայից հայտնաբերված բեկորները գործարանային արտադրության «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տեսակի նռնակների պայթեցնելու համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչի միացման ականոցի վերին հատվածի բեկոր են:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մարտական նռնակներ չեն եղել»- ընդգծվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից նշեցին, որ զինծառայողների ուղղությամբ արձակվել են նաև կրակոցներ ավտոմատից ու ատրճանակից:
Հետագա ավելորդ շահարկումներից խուսափելու համար՝ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառմանը մասնակցած ոստիկանության զորքերի կազմում եղել է 1 դիպուկահար, ով խնդիր է ունեցել ապահովել զինծառայողների անվտանգությունը զինված հարձակումներից:
«Ատրճանակով զինված հանցագործին վնասազերծելու և զինվորների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով դիպուկահարը կրակել է նրա ոտքին: Վնասվածք ստացած անձը հասցրել է թաքնվել: Նրան հայտնաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքները դեռևս արդյունք չեն տվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Միջոցներ են ձեռնարկվում զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցներին, զինծառայողների նկատմամբ զինված հարձակումներ գործած, անկարգությունների ժամանակ հրազեն և պայթուցիկ նյութեր օգտագործած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեցին մամուլի ծառայությունից։ --0--