Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի շահերը մոսկովյան հռչակագրի ստորագրման ժամանակ համընկան. հայ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի շահերը 1991թ.-ից հետո առաջին անգամ կրկին համընկան մոսկովյան հռչակագրի ստորագրման ժամանակ, գտնում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
«Մոսկովյան հռչակագիրը բացառիկ է այն առումով, որ առաջին անգամ, սկսած 1991 թվականից, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ընդհանուր շահեր արտահայտեցին, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացը շարունակելու հարցում»,- ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսում։
Ըստ նրա, տվյալ խնդիրը հակասում է Ռուսաստանի շահերին, որը, դրսևորելով մոսկովյան հռչակագրի ստորագրման նախաձեռնությունը, փորձում էր ընդգծել իր դիրքերը տարածաշրջանում։
Քաղաքագետի կարծիքով, հռչակագրի ևս մեկ դրական կողմը դրա ճկունությունն է։ «Հակամարտության կողմերը կարող են մեկնաբանել հռչակագրի յուրաքանչյուր նախադասություն իրենց ձևով»,- ասաց նա։
Հռչակագրի բացասական կողմերից Գրիգորյանը նշեց ԼՂՀ նախագահի մասնակցության բացակայությունը փաստաթղթի ստորագրման ժամանակ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-