PR-տեխնոլոգիաներն ավելի ակտիվ են սկսել կիրառվել Հայաստանում. քաղաքական գործիչ

14.11.2008, 18:33
PR-տեխնոլոգիաներն ավելի ակտիվ են սկսել կիրառվել Հայաստանում. քաղաքական գործիչ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. PR-տեխնոլոգիաներն ավելի ակտիվ են սկսել կիրառվել Հայաստանում նախընտրական արշավներում և ընտրությունների ընթացքում, կարծում է ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։   

«PR-տեխնոլոգիաներն ավելի ակտիվ են սկսել կիրառվել Հայաստանում նախընտրական արշավների և ընտրությունների ընթացքում՝ հասարակական կարծիք ձևավորելու, հասարակության հետ կապ ապահովելու, քաղաքական առաջնորդի իմիջ ստեղծելու նպատակով»,- ասաց նա «Հայաստանում քաղաքական կուլտուրայի ձևավորում և կայացում» ծրագրի շրջանակներում Ազգային մամուլի ակումբում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։

Զաքարյանի կարծիքով, Հայաստանում ավելի հաջող կիրառվում են իմիջի ստեղծման ու զարգացման տեխնոլոգիաները, այն դեպքում, երբ հասարակության հետ կապն ու հասարակական կարծիքի ստեղծումն իրականացվում են ոչ այնքան լավ մակարդակով։

Զաքարյանի խոսքերով, Հայաստանում քաղաքական տեխնոլոգիաների կիրառման համար շատ կարևոր է հասկանալ ու գնահատել բնակչության մտածելակերպն ու մատուցվող նյութն ընկալելու և ըմբռնելու նրա պատրաստակամությունը։

«Եթե հասարակության և քաղաքական համակարգի միջև ըմբռնում, երկխոսություն չկա, ապա տեխնոլոգիաների կիրառումն ապարդյուն կլինի»,- ասաց նա։

Իր հերթին «Հայոց համազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության վարչության  փոխնախագահ Արամ Մանուկյանը կարծում է, որ PR-տեխնոլոգիաներ Հայաստանում գրեթե չեն կիրառվում։

«Քաղաքական մեթոդները՝ որպես ընտրություններ անցկացնելու և պետություն ղեկավարելու գործին մասնակցելու միջոց, չեն գործում Հայաստանում»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանում կիրառվող տեխնոլոգիաները «քաղաքական համատեքստ» չեն կրում։ --0--