Գյումրիի միջազգային բիենալեն նպաստում է Հայաստանում մշակույթի ապակենտրոնացմանը. մշակույթի նախարարություն

06.10.2008, 14:02
Գյումրիի միջազգային բիենալեն նպաստում է Հայաստանում մշակույթի ապակենտրոնացմանը. մշակույթի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը կարծում է, որ Գյումրիում միջազգային բիենալեի անցկացումը նպաստում է երկրում մշակույթի և արվեստի ապակենտրոնացմանը։

«Բիենալեն կարևորագույն մշակութային միջոցառումներից է, որն ուղղված է երկրում արվեստի ապակենտրոնացմանը», - ասաց Հարությունյանը երկուշաբթի լրագրողներին «Նովոստի» մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով, բիենալեն հայ արվեստագետներին մեծ հնարավորություններ է ընձեռում օտարերկրա գործընկերների հետ փորձի փոխանակման և արվեստի բնագավառում ժամանակակից միտումներին ծանոթանալու համար։

Միաժամանակ նա ավելացրեց, որ այս տարի նախարարությունն առաջին անգամ աջակցել է բիենալեի անցկացմանը։

«Բիենալեի պետական ֆինանսավորումը այն հետևողական աշխատանքի արդյունքն է, որն իրականացրել է միջոցառման կազմակերպիչ Ազատ Սարգսյանը արդեն վեց տարվա ընթացքում», - ավելացրեց նա։

Գյումրիի վեցերորդ միջազգային բիենալեի անցկացման համար ՀՀ մշակույթի նախարարությունը հատկացրել է 10 մլն 860 հազ. դրամ (մոտ 35,8 հազ. ԱՄՆ դոլար)։

Վեցերորդ բիենալեն անցկացվել է Գյումրիում սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Բիենալեի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 550 հազ. եվրո՝ ներառյալ օտարերկրյա մասնակիցների Հայաստան այցի և բնակության ֆինանսավորումը, ինչպես նաև նրանց աշխատանքների տեղափոխումը։-0-