ԱԷՄԳ-ն բավարարված է Հայաստանի հետ համագործակցությամբ

18.09.2008, 17:59
ԱԷՄԳ-ն բավարարված է Հայաստանի հետ համագործակցությամբ
ԱԷՄԳ-ն բավարարված է Հայաստանի հետ համագործակցությամբ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Մուհամեդ էլ Բարադեյը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության մակարդակից։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այս մասին Բարադեյը  հայտարարել է միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպման ժամանակ, որը գործակալության ղեկավարին է հանձնել իր նշանակման մասին ՀՀ ԱԳ նախարարի նամակը։  

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը ողջունել է դեսպան Հովակիմյանին և իր գոհունակությունը հայտնել ԱԷՄԳ-ի հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ: Էլ Բարադեյն անդրադարձել է ԱԷՄԳ գործունեության տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին:

Իր հերթին հայ դիվանագետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել կազմակերպության հետ ՀՀ համագործակցությունը: Նա ներկայացրել է էներգետիկայի ոլորտում Հայաստանի առջև կանգնած խնդիրները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Զրուցակիցները հետագայում ևս արդյունավետ համագործակցության շարունակման հույս են հայտնել:--0--