Հայաստանում քաղաքական պաշտոնները քաղաքական կուսակցությունների սեփականությունը չեն. խոսնակ

16.09.2008, 16:18
Հայաստանում քաղաքական պաշտոնները քաղաքական կուսակցությունների սեփականությունը չեն. խոսնակ
Հայաստանում քաղաքական պաշտոնները քաղաքական կուսակցությունների սեփականությունը չեն. խոսնակ

Հայաստանում քաղաքական պաշտոնները որևէ քաղաքական կուսակցության կամ քաղաքական ուժի սեփականությունը չեն, կարծում է հայկական խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը։

«Պաշտոնները այս կամ այն ուժի սեփականությունը չեն և չեն կարող լինել` անկախ այն բանից, թե խորհրդարանում որքան տեղ է նրան պատկանում։ Լավ հայտնի է, որ շատերը փորձում են չնկատել կամ շրջանցել այդ հարցը»,- ասաց Թորոսյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Թորոսյանի խոսքերով, պետական պաշտոնների առնչությամբ քաղաքական մեծամասնությունը համաձայնության գալիս է, բայց ոչ թե պաշտոնները միմյանց միջև բաշխելու, այլ այս կամ այն պաշտոնի համար թեկնածու առաջադրելու կապակցությամբ։  

«Նորմալ և բնական է, եթե քաղաքական ուժերը սատարում են առաջադրված թեկնածությունները, բայց պաշտոնները և, առավել ևս, խորհրդարանական պաշտոնները, ոչ ոքի չեն պատկանում և չեն կարող պատկանել»,- ասաց նա։   

Թորոսյանը համաձայնեց, որ խորհրդարանական մեծամասնությունը վճռորոշ նշանակություն ունի քվեարկության ընթացքում, բայց դա դեռ չի նշանակում պաշտոնները միմյանց միջև կիսելու հնարավորություն։

ՀՀԿ գործադիր մարմինը շաբաթ, սեպտեմբերի 6-ին արդեն որոշում է ընդունել Թորոսյանի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում մնալը ոչ նպատակահարմար համարելու մասին՝ հավանություն տալով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը։

Ծրագրվում է, որ ՀՀ ԱԺ նախագահի փոփոխման մասին հարցն այսօր երեկոյան կքննարկի Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը, որին ամրագրված է խոսնակի պաշտոնը։

Լուրերն այն մասին, թե Հովիկ Աբրահամյանը նշանակվելու է խորհրդարանի նախագահ, արդեն մի քանի ամիս շարունակ արծարծվում էր հայկական մամուլում, իսկ ՀՀ ԱԺ գործող խոսնակ Տիգրան Թորոսյանը պարբերաբար հերքում էր մամուլում հայտնված՝ իր պաշտոնից հեռանալու մասին լուրը։

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանը զբաղեցրել է իր եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի պատգամավորական աթոռը, ով ամռան սկզբին հրաժարվել էր պատգամավորական մանդատից՝ իր հրաժարականը հիմնավորելով այն պատճառաբանությամբ, թե ցանկանում է ղեկավարել Արտաշատի գինու գործարանը։

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ խոսնակի փոփոխման մասին որոշումը ՀՀԿ-ի իրավունքն է։ --0--