Վրաստանի նախագահն ու ՀՀ արտգործնախարարը քննարկել են ՀՀ նախագահի՝ Թբիլիսի առաջիկա այցին առնչվող հարցեր
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում նախօրեին քննարկել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան առաջիկա այցին առնչվող հարցեր։
Ինչպես շաբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հատնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Սարգսյանը կայցելի Թբիլիսի՝ իր վրացի գործընկերոջ հրավերով։
Հանդիպման ընթացքում Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, թերևս, հարևան երկրում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ ամենաշահագրգռված երկրներից է, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով, այլ որ երկու հարևան երկրներին և ժողովուրդներին կապում է դարավոր բարեկամությունը:
Սահակաշվիլիի խնդրանքով, Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը և հայ-թուրքական կապերի նորմալացման հեռանկարները։
Ինչպես նախօրեին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը, մոտ ժամանակներս նախատեսված է Հայաստանի նախագահի այցը Վրաստան, սակայն այցի ժամկետների և նպատակների մասին կտեղեկացվի ավելի ուշ։ -0-