ՀՀ կառավարությունը մոտ 500 հազ. դոլար է հատկացրել՝ Պեկինի օլիմպիադայի հայ մրցանակակիրներին պարգևատրելու նպատակով

ՀՀ կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ 150 միլիոն դրամ (ավելի քան 495 հազ. ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ Պեկինի Օլիմպիական խաղերի հայ մրցանակակիրներին դրամական մրցանակներ հանձնելու նպատակով։
«Հայ մարզիկները Պեկինում վեց բրոնզե մեդալ են նվաճել։ Մենք ցանկանում ենք խրախուսել մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին՝ նվաճված մեդալների համար», - պարզաբանեց ՀՀ սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը։
Օգոստոսի 8-24-ը տեղի ունեցած Պեկինի ամառային 29-րդ օլիմպիական խաղերի արդյունքներով՝ Հայաստանի հավաքականը մեդալների քանակով 204 երկրների շրջանում զբաղեցրել է 37-րդ տեղը։
2008-Խաղերի մրցանակակիրներն են ծանրաթլետներ Տիգրան Մարտիրոսյանը (մինչև 85 կգ քաշային կարգ), Գևորգ Դավթյանը (մինչև 77 կգ), Տիգրան Մարտիրոսյան կրտսերը (մինչև 69 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը (մինչև 55 կգ) և Յուրի Պատրիկեևը (մինչև 120 կգ), բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը (մինչև 60 կգ)։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ կառավարության որոշումը հայ մարզիկներին և անձնակազմին շնորհավորելու ևս մեկ հնարավորություն է։
«Կարծում եմ, որ պետության կողմից ուշադրությունը խթան կդառնա՝ մարզական ավելի մեծ ձեռքբերումների համար», - ընդգծեց վարչապետը։-0-