Հայաստանը կարող է գործածել իրանական գազը 2008 թ.-ի նոյեմբերից
Հայաստանը կարող է սկսել իրանական գազը գործածել 2008 թ.-ի նոյեմբերից, հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
Նախարարի խոսքերով, Իրան-Հայաստան գազատարը կառուցված է, իսկ գազատարի անցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները Քաջարան-Արարատ հատվածում կավարտվեն մոտավորապես 2008-ի նոյեմբերին։
«Շինարարությունը հիմնականում ավարտված է, և շուտով կսկսվեն գազատարի փորձարկման աշխատանքները, որոնց ավարտից հետո Հայաստանը կկարողանա ամբողջ թափով օգտագործել գազատարը, ինչը թույլ կտա ամեն տարի 2,3-2,5 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարել հանրապետություն»,- չորեքշաբթի Մովսիսյանն ասաց լրագրողներին։
Սակայն, ինչպես նշեց նախարարը, թե որքանով երկիրը կօգտագործի գազատարն ու ինչպիսի ծավալով, կախված կլինի պահանջարկից։
«Անհրաժեշտության դեպքում Հայաստանը 2008 թ.-ի նոյեմբերից կկարողանա օգտագործել իրանական գազը, եթե հանրապետությանը մատակարարվող ռուսական գազի ծավալները բավարար չլինեն»,- ասաց Մովսիսյանը։
Նա նշեց, որ իրանական կողմը հայտարարել է հոկտեմբերից Հայաստանին գազ մատակարարելու իր պատրաստակամության մասին, սակայն Հայաստանը կօգտվի տվյալ առաջարկությունից միայն անհրաժեշտության դեպքում։
«Իրան-Հայաստան գազատարի շինարարությամբ մենք լուծեցինք Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրը, ինչը թույլ է տալիս ֆորս-մաժորային հանգամանքներում գազի մատակարարում ապահովել, որպեսզի բնակչության և արդյունաբերության համար ցնցումներ չլինեն»,- ասաց Մովսիսյանը։
Հնարավոր ֆորս-մաժորային հանգամանքների թվում նախարարը նշեց գազատարի վթարները, անկայուն իրավիճակը տարածաշրջանում, տեխնիկական խնդիրները, ճնշման պակասը ցանցում, մատակարարման հետ կապված խնդիրները։
«Ցանկացած ֆորս-մաժորային հանգամանքներում մենք պատրաստ կլինենք գազամատակարարում ապահովել»,- ասաց Մովսիսյանը։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 900 միլիոն դոլար, բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն (72,16% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (22,78%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (5,06%)։
Իրան-Հայաստան 204,51 կմ երկարությամբ գազատարի շինարարությունը թույլ կտա ընդլայնել բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան և երկրորդ տեխնոլոգիական մուտքն ապահովել ՀՀ։ Իրան-Հայաստան գազատարի առաջին՝ Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը շահագործվեց 2007թ. մարտի 19-ին։
Իրան-Հայաստան գազատարի կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է 220-250 միլիոն դոլար։ Սկզբնական փուլում Հայաստանը ամեն տարի Իրանից կստանա մոտ 400 մլն. խոր.մ. գազ՝ այդ ցուցանիշը մինչև 2,3 մլրդ. խոր.մ.-ի ավելացնելու հեռանկարով։ Համաձայնագիրը նախատեսում է, որ 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստանին կմատակարարի 36 մլրդ. խոր.մ. բնական գազ՝ համաձայնագրի ժամկետը մինչև հինգ տարի երկարացնելու և գազի մատակարարման ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ. խոր.մ.-ի հասցնելու հնարավորությամբ։
Գազի ամբողջ ծավալը նախատեսվում է վերամշակել էլեկտրաէներգիայի՝ նախատեսված Իրան արտահանելու համար՝ հետևյալ հաշվարկով՝ 3 կվ/ժ՝ 1 խոր.մ բնական գազի դիմաց, ինչպես նաև Հայաստանի ներքին օգտագործման համար։ --0—