Հայկական բանակը բարձր համբավ ունի հասարակության շրջանում. վարչապետ
Հայկական բանակը բարձր համբավ ունի հասարակության շրջանում, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Իջևանում։
Վարչապետը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և կառավարության այլ անդամների ուղեկցությամբ, շրջայց է կատարել հյուսիս-արևելյան սահմանների պաշտպանությունն ապահովող զորամասերում և մարտական դիրքերում։
«Մեզ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ կառավարության ողջ կազմով, քանի որ մենք շատ ենք կարևորում բանակի և ժողովրդի միջև հաստատված բոլոր հարաբերությունները։ Գաղտնիք չէ, որ մեր բանակը մեծ ուժի ունի և հասարակության շրջանում բարձր համբավով զբաղեցնում է առաջին տեղը», - ասել է վարչապետը շաբաթ օրը՝ Իջևանի բնակիչների և Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին զինծառայություն անցնող զինվորների հարազատների հետ հանդիպման ժամանակ։
Սարգսյանի խոսքերով, այս արդյունքը հիմնականում ձեռք է բերվել հրամանատարների աշխատանքի շնորհիվ։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին ասել է, որ այս միջոցառումը հասարակության հետ բանակի կապն ապահողովող ավանդույթի շարունակությունն է։
«Եթե բանակն ու ժողովուրդը միասնական են, ապա նրանք անպարտելի են։ Հայկական բանակը կիրականացնի իր խնդիրները, և սահմանը անմատչելի կլինի», - ասել է վարչապետը։-0-