Հուլիսի 9-ից կսկսեն գործել Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար գնացքներ. տրանսպորտի նախարարություն

08.07.2008, 13:32
Հուլիսի 9-ից կսկսեն գործել Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար  գնացքներ. տրանսպորտի նախարարություն
Հուլիսի 9-ից կսկսեն գործել Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար  գնացքներ. տրանսպորտի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հուլիսի 9-ից մինչև սեպտեմբերի 16-ը ուղևորափոխադրումներ կիրականացնի Երևան-Բաթումի-Երևան երթուղով։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, Երևան-Բաթումի գնացքը Երևանից կմեկնի ամսվա կենտ օրերին` ժամը 21:10-ին (տեղական ժամանակով) և կժամանի Բաթումի (Մախինջաուրի կայարան) Վրաստանի ժամանակով 16:20 րոպեին:

Բաթումիից գնացքը կմեկնի ամսվա զույգ օրերին ` ժամը 08:50-ին և Երևան կհասնի 05:35-ին։ Հայաստանի տարածքում գնացքը կունենա կանգառներ Արմավիրի, Գյումրիի, Վանաձորի և Սանահինի կայարաններում:

Հայկական և վրացական կողմերի միջև պայմանավորվածության համաձայն, ուղևորափոխադրումների արժեքը, ի տարբերություն 2007 թ.-ի, և հայկական, և վրացական երկաթուղիների գնացքներով կլինեն նույնը: Երևան-Բաթումի ուղերթի համար հուլիս ամսին սահմանվել են հետևյալ սակագները՝  երկտեղանոց խցիկավոր վագոններով` 18 հազ. 124 դրամ, իսկ չորստեղանոցներով` 9 հազ. 300 դրամ (մոտ 30 դոլար):

Գնացքը կազմված կլինի փափուկ նստատեղերով երկտեղանոց և չորստեղանոց հարմարավետ խցիկավոր վագոններից: Ուղևորահոսքի ավելացման դեպքում կավելացվի նաև վագոնների թիվը:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուր տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հուլիսի 1-ից իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը։-0-