ՀՀ օմբուդսմենը իր առաջարկներն է ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր առաջարկներն է պատրաստել՝ ուղղված ՀՀ ընտրական օրենսգրքի բարելավմանը։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին օմբուդսմենի մամուլի ծառայությունից, նախօրեին Հարությունյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին է ներկայացրել ՀՀ ընտրական օրենսդրության բարելավմանն ուղղված իր առաջարկությունները։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, առաջարկությունները նպատակ ունեն բարելավել ընտրական վարչարարությունը` ընտրական գործընթացը անհարկի իրավական շահարկումներից զերծ պահելու համար: Առաջարկություններում ներկայացված են ինչպես 2007թ-ի խորհրդարանական, այնպես էլ 2008թ-ի նախագահական ընտրությունների ընթացքում երևան եկած խնդիրների այն ցանկը, որոնք, «հաճախ չարդարացված, ստվեր են գցում ընտրական գործընթացի վրա»:
Առաջարկություններում ներկայացված են, մասնավորապես, ընտրական հանձնաժողովների ձևավորման ներկայիս սկզբունքին վերաբերող խնդիրները, արտասահմանում բնակվող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների, նախընտրական և հետընտրական փուլերում ԶԼՄ-ների գործունեության, քվեարկության հաշվարկի և վերահաշվարկի խնդիրները, ինչպես նաև մի շարք այլ հիմնահարցեր:
«Առաջարկությունների շուրջ քննարկումները և ՀՀ ընտրական օրենսդրության հնարավոր փոփոխությունները զգալիորեն կարող են բարձրացնել ՀՀ քաղաքացիների հիմնարար` ընտրելու և ընտրվելու իրավունքների պաշտպանվածության մակարդակը»,- ասվում է հաղորդագրությունում:--0—