ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է մարտյան անկարգություններից հետո կալանավորված պատգամավորների հետ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նախօրեին այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է Երևանում զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորված նախկին բարձրաստիճան անձնաց հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հայկական ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել շուրջ 265 մարդ։
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գլխավոր դատախազը հանդիպել է ԱԺ կալանավորված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, ինչպես նաև գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին և Երևանի Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանին:
«Հանդիպման ընթացքում կալանավորները հայտնել են, որ որևէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի պայմանների, վարչակազմի վերաբերմունքի, նախաքննություն իրականացնող մարմնի վերաբերյալ», - նշեց Տռուզյանը՝ ավելացնելով, որ դժգոհություններ չեն ներկայացվել նաև առողջական վիճակի հետ կապված:
Միաժամանակ մամուլի քարտուղարի խոսքերով, կալանավորվածներից ոմանք առանձին հարցեր են շոշափել՝ կապված իրենց առաջադրված մեղադրանքների ծավալի հետ:
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով սպանություններով, հրկիզումներով, բռնությամբ, ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում։-0-