ՀՀ առաջին նախագահը նպատակահարմար չի գտնում մասնակցել նախագահական ընտրությունների վերաբերյալ օմբուդսմենի զեկույցի խորհրդարանական լսումներին

05.06.2008, 19:43
ՀՀ առաջին նախագահը նպատակահարմար չի գտնում մասնակցել նախագահական ընտրությունների վերաբերյալ օմբուդսմենի զեկույցի խորհրդարանական լսումներին

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակահարմար չի գտնում մասնակցել նախագահական ընտրությունների վերաբերյալ օմբուդսմենի զեկույցի խորհրդարանական լսումներին, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

Ազգային ժողովի եվրաինտեգրացման, մարդու իրավունքների և հասարակական հարցերով մշտական հանձնաժողովները հունիսի 5-ին խորհրդարանական լսումներ են անցկացրել՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և հետընտրական գործընթացների վերաբերյալ հրապարակային զեկույցի հետ։

«Մենք քննարկումներին մասնակցելու հրավեր ենք ստացել, սակայն նպատակահարմար չենք գտնում մասնակցել այդ լսումներին, քանի որ մեզ տեղյակ են պահել միայն հունիսի 2-ին, ինչը խոսում է լսումների նկատմամբ իշխանությունների անլուրջ վերաբերմունքի և այն մասին, որ դրանք անցկացվում են բացառապես «նշումների համար»,- ասաց Մուսինյանը։

Նրա կարծիքով, փաստաթղթի քննարկումները պետք է ավելի լուրջ լինեն, քանի որ լսումները պետք է ի հայտ բերեն կատարվածի իրական պատճառները, ինչպես նաև պետք է պարզվի, թե որ օրենքներն են խախտվել։

«Լսումների իրական ձևաչափն, ըստ էության, արհեստական է և ոչ մի դեպքում չի նպաստում տվյալ հարցերի որոշմանը և պատասխանին»,- ասաց Մուսինյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ օմբուդսմենի զեկույցը որոշ հարցեր բարձրացենլու փորձ է, ինչի կապակցությամբ ողջունում է նրան։

«Թեև զեկույցի որոշ կետերի շուրջ մենք համաձայն չենք, հատկապես՝ նախընտրական և հետընտրական փուլերում մարդու իրավունքների նկատմամբ օմբուդսմենի մոտեցման հետ»,- ասաց Մուսինյանը։

Միաժամանակ, նա նկատեց, որ «զեկույցում ներկայացված են «ծեծված» հարցեր, ինչպես նաև արտացոլվում է քաղաքական իրադրությունը և փորձ է արվում մաքրել ընտրական շրջանը»։

«Մենք սեփական հետաքննություն ենք անցկացնում այն հարցերի շուրջ, որոնք մինչ օրս պատասխան  չեն ստացել և կհրապարակենք դրանք մոտ ժամանակներս, թեև դրանցից մեծ մասն արտացոլված են զեկույցում»,- ասաց Մուսինյանը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 100 մարդ։-0-