Հայաստանի իշխանություններն ընդունելի են համարում Օմբուդսմենի լիազորությունների ընդլայնումը

19.05.2008, 16:08
Հայաստանի իշխանություններն ընդունելի են համարում Օմբուդսմենի լիազորությունների ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը հնարավոր է համարում ԵԽԽՎ 1609 բանաձևի դրույթների շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնումը։

ԵԽԽՎ ապրիլի նստաշրժանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանին առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։ ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների։

«Մենք հնարավոր ենք համարում տվյալ ինստիտուտի իրավասությունների ընդլայնումը, ավելին, ՀՀ ԱԺ-ն հանդես է եկել նման նախաձեռնությամբ, սակայն դեմ են եղել հատկապես ընդդիմադիր պատգամավորները»,- երկուշաբթի ասաց նա Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուկիկիոյի (Maud de Boer-Buquicchio) հետ հանդիպման ժամանակ։

Ընդ որում նախարարը նշեց, որ մարտին տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ իր վերջին արտահերթ զեկույցում հանրապետության Օմբուդսմենը իրադարձություններին քաղաքական գնահատականներ է տվել՝ դրանով իսկ, Դանիելյանի կարծիքով, չարաշահելով իր լիազորությունները։

«Ելնելով դրանից՝ ես կարծում եմ, որ այս հարցը լուծելի է, սակայն անրաժեշտ է  հստակ սահմանել նրա իրավասությունները, իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց նա։

Բացի այդ, հանդիպման ընթացքում կողմերը նշեցին Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության կարևորությունը։-0-