Գազի վթարային ծառայությունը պատրաստ է Երևանում գազի հնարավոր արտահոսքերին օպերատիվ արձագանքելուն. «ՀայՌուսգազարդ»

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Գազի վթարային ծառայությունը (1-04) պատրաստ է Երևանում գազի հնարավոր արտահոսքերին օպերատիվ արձագանքելուն։ Այս մասին ուրբաթ լրագրողներին ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության «Երևանգազ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Հարությունյանը։
«Երևանի գազի վթարային ծառայությունում (1-04) իրականացվել է լուրջ տեխնիկական համալրում, ձեռք են բերվել նոր ավտոմեքենաներ, ընդգրկվել են բարձրակարգ մասնագետներ, քանի որ բաժանորդների աճի հետ մեկտեղ բոլոր ստացվող ահազանգերին ժամանակին, որակով և օպերատիվ արձագանքելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ ձմռան շրջանում ծառայությունը միջինն ընդունել է օրական 25-30 զանգ։
Միաժամանակ նա ավելացրեց, որ ամռան գալու հետ կապված, ինչպես նաև կտրուկ եղանակային փոփոխությունների պայմաններում՝ կարող են տեղի ունենալ գազի որոշ արտահոսքեր, ինչի հետևանքով վթարային ահազանգերի թիվը կավելանա։
«Մենք պատրաստ ենք ժամանակին արձագանքել բոլոր ահազանգերին, և կարծում եմ, որ Երևանում բողոքներ չեն լինի վթարային ծառայության գործունեության հետ կապված»,- ասաց Հարությունյանը։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։
Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։--0—