Ղարաբաղի վերաբնակեցումը կստիպի Ադրբեջանին փոխզիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության հարցում

10.04.2008, 18:40
Ղարաբաղի վերաբնակեցումը կստիպի Ադրբեջանին փոխզիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության հարցում

Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցումը միակ քայլն է, որը կստիպի Ադրբեջանին փոխզիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կարծում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։

«ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների պատմության մեջ Ադրբեջանը երբեք չի խոսել փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին։ Հակառակ որին, մեր կողմից մշտապես տարվում են նման խոսակցություններ»,- ասաց խորհրդարանականը։

Ինչպես նշեց Հովհաննիսյանը, ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխարհում միակ մարմինն է, որը խիստ մասնագիտացված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով, որը քայլ առ քայլ առաջ է գնում հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ։ Պատգամավորի կարծիքով, հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը վերջերս սպառնում է ցրել ԵԱՀԿ ՄԽ-ը՝ դժգոհություն հայտնելով խմբի գործունեությունից։

Ադրբեջանը, ինչպես հայտնել էր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, փորձում է ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը և հակամարտության հարցը հանձնել ՄԱԿ-ի վարույթ։

«Մենք նույնպես գոհ չենք ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքից, բայց երբ մեզ սպառնում են խումբը ցրելով, մենք չպետք է կառչենք դրանից։ Թող ցրեն, եթե կարողանան։ Հայաստանը նմանապես պետք է սպառնար բանակցային գործընթացից դուրս գալով, երբ Ջուղայում (Նախիջևան, Ադրբեջան. «Նովոստի-Արմենիա») սկսեցին բարբարոսաբար կործանել հայկական հուշարձանները»,- նշեց Հովհաննիսյանը։

Պատգամավորի կարծիքով, այդ ժամանակ Հայաստանը կլիներ «դրության տերը» և նրան կփորձեին համոզել, որպեսզի մնա բանակցությունների ձևաչափում, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ճնշում կգործադրեին Ադրբեջանի վրա, որպեսզի նա փոխզիջումների գնար։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-