ԵՄ-ն հուսով է, որ մարտի իրադարձությունների հետևանքները շուտափույթ կհաղթահարվեն

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, որ ԵՄ-ն հուսով է, որ մարտի իրադարձությունների հետևանքները շուտափույթ կերպով կհաղթահարվեն։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ և վիրավորվել 265 մարդ։
«Մենք շատ անհանգստացած էինք այդ իրադարձություննրեով և հուսով ենք, որ դրանց հետևանքները կհաղթահարվեն հնարավորինս արագ», - ասաց Սեմնեբին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։
Նրա խոսքերով, շատ հարցեր բաց են մնում։ «Մեր կարծիքով, անհրաժեշտ է անցկացնել բոլոր այդ իրադարձությունների անկախ հետաքննություն։ Մենք հուսով ենք, որ դա շուտ կլինի», - ընդգծեց ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Նա նշեց նաև ըննդիմադիր բոլոր ուժերի հետ երկխոսության հաստատման անհրաժեշտությունը։ «Դա ենթադրում է պատասխանատություն՝ կառավարության կողմից և կառուցողական մոտեցում՝ ընդդիմության կողմից», - ասաց Սեմնեբին։
Նրա խոսքերով, կարևորագույններից մեկը «իրենց քաղաքական գործունեության հետ կապված գործողությունների պատճառով կալանքի տակ գտնվող մարդկանց հարցն է»։
«Այդ հարցը պետք է շուտ լուծել», - նշեց ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանին վերաբերող ԵՄ ծրագրերը ուժի մեջ են մնում։ «Իհարկե, վերջին շաբաթների իրադարձությունները ազդեցին հարաբերությունների մթնոլորտի վրա։ Սակայն եթե այդ իրադարձույթունների հաղթահարման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկվեն, ապա ես չեմ տեսնում որևէ երկարաժամկետ բացասական հետևանք։ Հակառակը, ես մեծ հույս ունեմ, որ այժմ նոր խթան կհաղորդվի մեր համագործակցությանը և Հայաստանի եվրոպական ինտեգրմանը», - ասաց Սեմնեբին։-0-