Երևանի անկարգություններին մասնակցելու համար կալանավորված քաղաքացիները չեն բողոքում կալանավայրերի պայմաններից
Նախօրեին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ պահվում են Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալված 28 անձանց:
ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։
ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է 106 մարդ։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումների ընթացքում կալանավորված անձանց մի մասը կրկին իրենց անհամաձայնություն են արտահայտել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:
«Կալանավորված անձանց ճնշող մեծամասնությունը ՔԿՀ-ի վարչակազմից դժգոհություններ չեն հայտնել», - տեղեկացրեց մամուլի ծառայության աշխատակիցը։
Սակայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձանցից 12-ը հայտնել են, որ բերման ենթարկելիս կամ ոստիկանության բաժիններում իրենց գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների:
Գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ կալանավորված անձանցից 15-ը ապահովված են փաստաբանով, իսկ 10-ը` հրաժարվել են օգտվել փաստաբան ունենալու իրավունքից, ևս երեք կալանավորված անձինք հայտարարել են, որ իրենց խոչընդոտել են օգտվել փաստաբանի ծառայություններից:
Ընդհանուր առմամբ աշխատանքային խմբերը տարբեր ՔԿՀ-ներում հանդիպել են անկարգություններին մասնակցելու համար կալանավորված մոտ 90 անձանց։-0-