ԱՄՆ հայամետ կոնգրեսականներն առաջարկում են ավելացնել ֆինանսական օգնությունը Հայաստանին և Ղարաբաղին

12.03.2008, 14:20
ԱՄՆ հայամետ կոնգրեսականներն առաջարկում են ավելացնել ֆինանսական օգնությունը Հայաստանին և Ղարաբաղին
ԱՄՆ հայամետ կոնգրեսականներն առաջարկում են ավելացնել ֆինանսական օգնությունը Հայաստանին և Ղարաբաղին

ԱՄՆ Կոնգրեսի «Հայկական հարցերի խմբի» համանախագահներ Ֆրենկ Փալոնեն (Frank Pallone) և Ջո Նոլենբերգը (Joe Knollenberg) կոչ են անում Կոնգրեսին՝ ավելացնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը և դադարեցնել Ադրբեջանին ռազմական աջակցության ցուցաբերումը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից (Armenian National Committee of America - ANCA), Փալոնեն և Նոլենբերգն ուղերձ են պատրաստել ԱՄՆ-ի օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Նիտա Լոուեին (Nita Lowey) և ենթահանձնաժողովի ավագ անդամ Ֆրանկ Վոլֆին (Frank Wolf)՝ կոչ անելով օտարերկրյա օգնություն ցուցաբերել Հայաստանին, որը առաջ կտանի ԱՄՆ-ի շահերը և ամերիկյան արժեքները հանրապետությունում և մերձավոր  տարածաշրջանում։ Այժմ Կոնգրեսում ընթանում է ստորագրահավաքը։

Նամակում նշված են Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վեց հիմնական կետերը՝ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը՝ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի պատճառով, տրամադրել Հայաստանին 5 մլն. դոլար՝ որպես ռազմական օգնություն և 70 մլն. դոլար՝ որպես տնտեսական աջակցություն, 10 մլն. դոլար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման համար։ Բացի այդ նշվում է «Ազատության աջակցության ակտի» 907 փոփոխության քննարկման շարունակության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետ դիվանագիտական կապերի վերսկսման անհրաժեշտությունը։

Անցյալ ամիս Սպիտակ տան կողմից պատրաստված 2008 ֆիսկալ տարվա համար ԱՄՆ պետական բյուջեի նախագծում նախատեսվում է Հայաստանին տարեկան օգնությունը կրճատել 59 տոկոսով։ Միաժամանակ նախագծում խախտված է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական օգնության հավասարաչափությունը՝ հօգուտ վերջինին՝ չնայած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի վերսկսման մասին՝ պաշտոնական Բաքվի սպառնալիքներին։

ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է 2009 ֆիսկալ տարում Հայաստանին տրամադրել 24 մլն. դոլարի չափով տնտեսական օգնություն, ինչը 34 մլն. դոլարով պակաս է 2007 թ.-ին Կոնգրեսի առաջարկած գումարից և 11 միլիոնով պակաս է, քան ենթադրվում է հատկացնել 2008 թ.-ին։

Ուղերձում կոնգրեսականները հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի՝ օրերս տեղի ունեցած խախտման մասին։ Մարտի 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն-գրոհային խումբը գրոհել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ բնակավայրի գյուղի մերձակայքում տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջատար մարտական դիրքերից մեկը և ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ, սակայն պատասխան գործողությունների արդյունքում այն ետ է շպրտվել նախկին դիրքեր՝ կրելով զգալի կորուստներ։-0-